Ամուսնական մատանի
Հեղինակ՝ Baghdasaryan ·

Հարսանեկան մատանին պարզապես զարդ չէ․ այն սիրո, հավատարմության, ամբողջականության և հավատի խորհրդանիշ է։
Մատանու շրջանաձև, անընդհատ ձևը խորհրդանշում է ամբողջական և կատարյալ սերը։ Ինչպես մատանին է դրվում մեկ մատին, այնպես էլ հարսն ու փեսան միմյանց համար դառնում են մեկը․ հարսը՝ մեկ փեսայինը, իսկ փեսան՝ մեկ հարսինը։
Մատանին ավանդաբար դրվում է ձախ ձեռքի մատնեմատին։ Հնում հավատում էին, որ այդ մատից դեպի սիրտ է գնում հատուկ երակ։ Այդ պատճառով մատանին կապվում էր սիրո և սրտի հետ՝ խորհրդանշելով, որ ամուսինների սերը պետք է լինի անկեղծ, խոր և ամբողջական։
Մատանու խորհուրդը, հատկապես քրիստոնեական ավանդության մեջ, կապված է նաև հավատի հետ։ Ինչպես մատանին դրվում է հինգ մատներից մեկին, այնպես էլ հավատը հաստատվում է մարդու իմացության և ներաշխարհի մեջ։
Մատանու շրջանաձև ձևը, որը բոլոր կողմերից պատում է մատը, խորհրդանշում է ամբողջական հավատքը, որը պետք է պահպանի մարդու հոգին ու մարմինը չարից և մոլորություններից։
Մատանու պատվական նյութը՝ ոսկին կամ արծաթը, նույնպես ունի իր խորհուրդը․ ինչպես նյութն է մաքուր և արժեքավոր, այնպես էլ մարդու հավատքը պետք է լինի մաքուր, անբիծ և անկեղծ։
Մատանու գույնը ևս խորհրդանշական նշանակություն ունի։ Սպիտակը կապվում է հոգու անմեղության և մաքրության հետ, իսկ ոսկեգույնը՝ առաքինության, արժանապատվության և սուրբ երկյուղի։
Եվ վերջապես, մատանին «ձայնեղ» է․ երբ այն ընկնում է որևէ մակերեսի վրա, հնչում է նրա զրնգուն ձայնը։ Այս խորհուրդը կապվում է հավատքի հետ, որը չպետք է թաքցնել, այլ պետք է ապրել և արտահայտել՝ ի լուր ամենքի։
Այսպիսով, հարսանեկան մատանին իր փոքրիկ շրջանակի մեջ կրում է մեծ խորհուրդ՝ սեր, միություն, հավատարմություն, մաքրություն և հավատ։
